Հունիսին կմեկնարկի արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային «Ֆրեսկո» փառատոնը: Սպասվում է յուրատեսակ կինոարշավ մայրաքաղաքում և մարզերում, ոչ ձևական մոտեցում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Տասն օր շարունակ շուրջօրյա բացօթյա ցուցադրություններ են սպասվում քաղաքի մարդաշատ վայրերում` այգիներում, եկեղեցիների բակերում: Կինոարշավ կանցկացվի նաև մարզերում, ցուցադրությունների համար կընտրվեն Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները: Փառատոնը նախաձեռնել են «Ֆորմիկա Արտ Փրոդաքշըն» կազմակերպությունը և «Ծիածան» հասարակական կազմակերպությունը` Արարատյան հայրապետական թեմի օրհնությամբ: Փառատոնի հոգևոր խորհրդատուն տեր Եսայի քահանա Արթենյանն է: «Ֆրեսկոն» Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Այն շահույթ չհետապնդող նախագիծ է: Ցուցադրությունների մուտքն ազատ է լինելու: Փառատոնը տևելու է հունիսի 21-ից մինչև հուլիսի 1-ը: Փառատոնի նախագահ ՇԱՀԵՆ ՆԱԶԱՐԵՆԿՈՆ և տնօրեն ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ այսօր «Իրատես de facto»-ի հյուրերն են:
-Հայաստանյան կինոփառատոներին այս տարվանից կավելանա ևս մեկը: Ինչո՞վ է առանձնանալու «Ֆրեսկոն»:
ՇԱՀԵՆ ՆԱԶԱՐԵՆԿՈ- «Ֆրեսկոն» կինոփառատոնի անցկացման բոլորովին նոր, հանրության մեջ արմատացած պատկերացումներից տարբերվող ձևաչափ է, որի նպատակը ոչ միայն հոգևոր, մարդասիրական ասելիք ունեցող համաշխարհային կինոնմուշների ցուցադրությունն է, այլև դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը: Երկրոպեանոց ֆիլմի քննարկումը կարող է տևել երեք ժամ, ընդ որում, քննարկմանը կմասնակցեն և՛ հոգևորականներ, և՛ հոգեբաններ, և՛ կինոգործիչներ, և՛ կինոդիտողներ: «Ֆրեսկոն» ևս մեկ իրադարձություն է, տոն: Հանդիսավոր բացում չի լինի: Կան փառատոներ, որոնց բացմանը մասնակից ռեժիսորները չեն կարողանում ներկա լինել, որովհետև տեղ չկա նստելու: «Ֆրեսկոյի» բացումը կլինի Կարապի լճի տարածքում: Յուրաքանչյուր ոք` կազմակերպիչ լինի, թե հանդիսատես, անմիջական մասնակիցը կդառնա այդ իրադարձության:
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- «Ֆրեսկոն» ավելի շատ արդի արվեստի փառատոն է, որտեղ ներկայացվում է այն, ինչի բացը կար մեզ մոտ. հոգևոր արվեստ, ֆիլմեր, որոնք շարժում են մարդու սիրտը, մտածելու տեղիք են տալիս: Հետաքրքիր միջավայր է ստեղծվում երիտասարդների համար` արդի արվեստի և հոգևորի համադրումով:
-Արձագանք կա՞ երիտասարդների շրջանում:
Շ. Ն.- Երիտասարդները հավաքվում են փաբերում, մենք փորձել ենք համախմբել նրանց` առաջարկելով նոր, հետաքրքիր ձևաչափով միջոցառում: Կլինեն ճամբարային արշավներ, ավանդական կերակրատեսակների հյուրասիրություն, մրցույթներ, լուսանկարչական ցուցահանդես, վարպետության դասեր, հանդիպումներ, կլոր սեղաններ, պարերի ուսուցում: ՈՒզում ենք փառատոնն իրոք տոն դարձնել, ինչքան կհաջողվի, չգիտեմ: Մեծ թվով երիտասարդ կամավորներ են հավաքվել «Ֆրեսկոյի» շուրջը: Ծրագրին արձագանքել է Երևանի քաղաքապետարանը` ի դեմս Արամ Սուքիասյանի, նաև բազմաթիվ ընկերություններ, երիտասարդական խմբեր:
-«Ֆրեսկոն» դրսի՞ց է թափանցել Հայաստան, նման փառատոներ կա՞ն դրսում:
Ա. Կ.- Ոչ, դրսից չի թափանցել: Ֆորմատը ձևավորվեց ինքնըստինքյան: Կան եկեղեցական, հոգևոր, սոցիալական ուղղվածությամբ փառատոներ, «Ֆրեսկոն», ասես, բոլորը միացրեց` առաջարկելով այն, ինչի կարիքն իսկապես կա Հայաստանում: Ռուսաստանում, օրինակ, ամեն քաղաքում կա հոգևոր փառատոն, որովհետև կարևորում են նման ֆիլմերի պրոպագանդումը: Երբ ուսումնասիրեցինք դաշտը, պարզվեց` բոլոր երկրներն ունեն հոգևոր ֆիլմերի փառատոն` բացառությամբ Հայաստանի:
-Միայն բացօթյա՞ ցուցադրություններ են նախատեսվում:
Ա. Կ.- Ցուցադրություններ կլինեն նաև կինոսրահներում, եկեղեցիներում: Փառատոնը կտեղափոխվի նաև Ախթալա, Օձուն, Տաթև: Ախթալան պատահականորեն չի ընտրված, այստեղ հին որմնանկարներ (ֆրեսկաներ) կան: Մենք պատերին ենք ցուցադրում ֆիլմերը, այստեղից էլ` փառատոնի անունը: Տեր Եսային որմնանկարը համեմատեց մարդու ներաշխարհի հետ, որն անընդհատ վերականգնելու կարիք ունի: Փառատոնի կարգախոսն է` «Վնասվածը վերականգնելու կարիք կա»:
-Ի՞նչ ֆիլմեր են ներկայացվել փառատոնին, ինչպե՞ս է իրականացվելու ընտրությունը:
Ա. Կ.- Արդեն ստացել ենք 300 ֆիլմ` 25 երկրից, որոնցից 30-ը` Հայաստանից: Արձագանքը սպասվածից ավելին էր, ֆիլմերի հայտեր ենք ստանում տարբեր երկրների և՛ սկսնակ, և՛ հայտնի ռեժիսորներից: Փառատոնը կազմված է մրցութային ու ոչ մրցութային ծրագրերից: Մասնակցել կարող են խաղարկային, վավերագրական, անիմացիոն, լիամետրաժ ու կարճամետրաժ տարբեր ձևաչափերի ֆիլմեր, տեսանյութեր, որոնցում դատապարտվում են պատերազմը, բռնությունը, ազգային, մարդկային գործոնի հետևանքով առաջացած էկոլոգիական աղետները: Վերջապես, անդրադառնում են ընտանեկան արդիական խնդիրներին և միտում ունեն վերականգնելու ընտանեկան արժեքները, առնչվում են երիտասարդների հոգևոր և բարոյական դաստիարակությանը, առողջ ապրելակերպին: Կարելի է ասել, բարի ֆիլմեր են հանրությանը ներկայացվելու: Մերժում ենք այն ֆիլմերը, որտեղ կան դաժանության, բռնության, էրոտիկ տեսարաններ, թմրամիջոցների, ծխախոտի և ալկոհոլի օգտագործմանը նպաստող սյուժեներ, գովազդ պարունակող տեսարաններ, մարդկանց կրոնական զգացումները վիրավորող դրվագներ: Մրցութային բաժնում ընդգրկվելու են 2011-ի հունվար ամսից հետո նկարահանված ֆիլմերը: Փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվելու են հոգևոր, մշակութային և կինոոլորտի ներկայացուցիչներ:
-Միայն քրիստոնեական ուղղվածությո՞ւն պետք է ունենան հոգևոր ֆիլմերը:
Կ. Ա.- Ոչ, կրոնական, ազգային սահմանափակում չկա. եթե ֆիլմը համապատասխանում է փառատոնին իր մարդասիրութամբ, ասելիքով, անպայման կցուցադրենք:
-Մուսուլմանական երկրներից հայտեր ստացե՞լ եք:
Ա. Կ. -Ֆիլմեր ենք ստացել Իրանից, Մարոկկոյից:
-Իսկ Թուրքիայից և Ադրբեջանի՞ց:
Ա. Կ. -Ոչ, չենք ստացել, բայց եթե համապատասխաներ մեր կանոնադրությանը, կընդգրկեինք: Օրինակ, եթե ներկայացվեր ֆիլմ, որտեղ դատապարտում են բռնությունը, ցեղասպանությունը, իհարկե կցուցադրեինք:
-Մրցանակակիրներ լինելո՞ւ են:
Շ. Ն.- Չեն լինի մրցանակակիրներ ընդունված ձևաչափով` լավագույն դերասան կամ ռեժիսոր: Կտրվի մրցանակ լավագույն մարդասիրական ֆիլմի համար, խնդրի լավագույն վերլուծության, «Մեր օրերի հերոսը» անվանակարգում և այլն:
-2015-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, «Ֆրեսկոն» հատուկ ուղղվածություն կունենա՞:
Ա. Կ.- Անպայման ծրագիր կմշակենք: Հնարավոր է, հաջորդ տարի շեշտը դրվի երգչախմբային արվեստի, լուսանկարչական ցուցահանդեսների վրա: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին նախատեսել էինք լուսանկարների ցուցահանդես, բայց քանի որ միջոցներ չկային, չհասցրինք իրականացնել:
-Փառատոնը դրսից հյուրեր ունենալո՞ւ է:
Ա. Կ.- Հրավիրված են գրող, թարգմանիչ և գրականագետ Հայր Հովհաննես Գուայտան (աշխարհիկ անունը` Ջովաննի Գուայտա), Իտալիայի «Religion Today» փառատոնի կազմակերպիչներից՝ Կատյա Մալատեստան: Հյուրերի թվում կլինեն նաև կինոգործիչներ, վավերագրական ֆիլմերի հերոսներ:
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ